Главная » 2012 » Март » 2 » Վկաների մի մասը ճանաչեց Աթոյանին, մի մասը` ոչ
22:25
Վկաների մի մասը ճանաչեց Աթոյանին, մի մասը` ոչ
02 Մարտ , 2012 20:03    |   Հեղինակ` Սոնա Առաքելյան


Մարտի 2-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ազատամարտիկ Ժոռա Աթոյանի գործով դատավարությունը: Հերթական դատական նիստին վկայություն տվեցին պետմեղադրող Հարությունյանի միջնորդությամբ ներկայացած լրացուցիչ 4 վկաներից 3-ը եւ պաշտպանական կողմի միջնորդությամբ ներկայացած բոլոր 4 վկաները:

Պետմեղադրողի կողմից ներկայացած երկու վկաներ` Վաղինակ Բաղդասարյանը եւ Վարուժան Մխիթարյանը, ասացին, որ իրենք եղել են Մասիսի գումարտակում: Նրանք երկուսն էլ Արթիկի Սպանդարյան գյուղից էին, երկուսն էլ 1994-ի հունվարին եղել են Մարդակերտում: Վկաներն իրենց ցուցմունքներում նշեցին, որ չեն ճանաչում Աթոյանին, հնարավոր է, որ նա այնտեղ եղել է, բայց իրենք չեն տեսել: Ինչպես ասացին վկաները, Գյումրիից եռամսյա հավաքների մեկնած այն խումբը, որում ընդգրկված են եղել նաեւ իրենք,  բաղկացած է եղել 100-150 հոգուց: Աթոյանի վիրավորված լինելու մասին էլ ասացին, որ չգիտեն եւ այդ մասին որեւէ բան ասել չեն կարող:

Պետմեղադրողի միջնորդությամբ ներկայացած 3-րդ լրացուցիչ վկան Վյաչեսլավ Ներսիսյանն էր, ով ինչպես ինքը նշեց, Բաքվից է, բայց հիմա ապրում է Երեւանում: Նա նույնպես եղել է Մասիսի գումարտակում որպես գնդացրորդ եւ ասաց, որ Աթոյանին չի ճանաչում: Դատակոչված վկան խոսում էր կես ռուսերեն, կես հայերեն ու դժվարությամբ էր արտահայտվում: Նրա պատմելով, հունվարի վերջից հետո ջոկատները պարապ են եղել ու ֆուտբոլ են խաղացել: Այնուհետ ավելացրեց, որ գյումրեցի տղաներ են գնացել Մասիսի ջոկատ` հետո այնտեղից փախել են (թե կոնկրետ դա երբ է եղել` չհիշեց): Հետո էլ ասաց, որ վերջիններիս գտել են, ծեծել են եւ այլն: Այս ամենը զայրացրեց դահլիճում գտնվող ազատամարտիկ Աշոտ Զաքարյանին, ով ասաց.«Ինչու՞ եք գյումրեցի տղաների անունը էս տեսակ մարդկանցով փչացնում, դատավարությունը սարքել եք շոու» ու այնուհետ մի քանի ազատամարտիկների հետ լքեց նիստերի դահլիճը, բայց մի քանի րոպեից` նորից վերադարձավ:

Մեղադրյալի շահերի պաշտպան Ա.Դավթյանը մի քանի հարց ուղղեց վկա Վյաչեսլավ Ներսիսյանին, ով դժգոհեց եւ ասաց, որ նույն հարցը մի քանի անգամ է տալիս, հետո էլ ավելացրեց, որ վատ է զգում ու ջուր խնդրեց: Նախագահող դատավոր Սարոյանի այն հարցին`«վատ ե՞ս զգում,  ուզո՞ւմ ես մի քանի րոպեով ընդմիջենք քո հարցաքննությունը», վկան պատասխանեց.

-Չէ, կպատասխանեմ, «պռոստը նառիժաետ օնա»:

Պաշտպանական կողի միջնորդությամբ ներկայացած 4 վկաներն էլ` ի տարբերություն նախորդ երեքի, իրենց ցուցմունքներում նշեցին, որ ճանաչում են Աթոյանին: Վկա Ռազմիկ Մխիթարյանն ասաց, որ 1994-ի հունվարի վերջին ռազմաճակատ մեկնել է որպես վարորդ` հաց մատակարարելու համար, բայց  այդ մեքենան ծառայել է նաեւ վիրավորներին տեղափոխելու համար: 1994-ի փետրվարի 5-7 (կոնկրետ օրը չհիշեց) նրան տեղեկացրել են, որ վիրավոր կա եւ պետք է տեղափոխել հիվանդանոց:  Մխիթարյանը Մաղավուզի շտաբից Ժոռա Աթոյանին եւ նրա հետ եւս մեկ ծանր վիրավորի անձամբ տեղափոխել է Մեծ Շենում գտնվող կենտրոնացված դաշնային հոսպիտալ ու  Աթոյանի գլխին տեսել է վիրակապ:

Խաչատուր Նանիջանյանն էլ չհերքեց, որ ճանաչում է Աթոյանին, առավել եւս, նշեց, որ Աթոյանի վիրավորվելու պահին եղել է վերջիսին կողքին ու տեսել է այդ ամենը: Նրա խոսքով, ինքն է մի քանի ծառայակից տղաների օգնությամբ Աթոյանին հասցրել շտապօգնության մեքենայի մոտ:

Սոնա Առաքելյան

asparez.am
Просмотров: 314 | Добавил: Armenikum | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Приветствую Вас, Гость!
Воскресенье, 12.05.2024