Главная » 2012 » Октябрь » 24 » Ռուս փորձագետ. Եթե ադրբեջանցիները քաղաքացիական օդանավի հարվածեն, սկանդալը շատ աղմկոտ կլինի
21:29
Ռուս փորձագետ. Եթե ադրբեջանցիները քաղաքացիական օդանավի հարվածեն, սկանդալը շատ աղմկոտ կլինի

Եթե ադրբեջանցիներն իսկապես դեպի Ստեփանակերտ չվերթ իրականացնող քաղաքացիական օդանավի հարվածեն, սկանդալը շատ աղմկոտ եւ համաշխարհային մասշտաբի կլինի: Ադրբեջանի համար կորուստներն ավելի մեծ կլինեն, քան սեփական «ինքնիշխանության» ցուցադրումից ստացվելիք շահը: Այս մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում նշել է Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող, փորձագետ Ալեքսանդր Կռիլովը:

Նրա խոսքով, Ստեփանակերտի օդանավակայանը վաղուց պատրաստ է օդանավեր ընդունելու եւ տեխնիկական առումով որեւէ խնդիր չկա, սակայն օդանավերն առաջվա պես չեն թռչում, որի պատճառն ակնհայտ է՝ բոլորը վկայակոչում են քաղաքական գործոնը:

«Ռամիլ Սաֆարովի շուրջ աղմկոտ սկանդալը ավելացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա լարվածությունը եւ էլ ավելի սրեց իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Այդ լարված իրավիճակում դեպի Ստեփանակերտ պարբերական չվերթների թեման դարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական կյանքի կարեւոր բաղկացուցիչ մասը: Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ բոլոր միջոցները գործադրելով թույլ չի տա նման չվերթների իրականացումը եւ որ մտադիր է խփել քաղաքացիական օդանավերը, որոնք «ապօրինաբար կներխուժեն իր օդային տարածք»:

Պաշտոնական Երեւանն իր հերթին էլ ավելի վճռականորեն է պնդում, որ դեպի Ստեփանակերտ չվերթներն իրագործվելու են: Երկու երկրների առաջին դեմքերի համար նահանջն իրենց ներկա դիրքերից կնշանակի «կորցնել դեմքը», ինչը բոլորովին ցանկալի չէ Հայաստանում, ապա նաեւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին»,-ասել է փորձագետը:

Կռիլովն ընդգծել է, որ Ռամիլ Սաֆարովի հետ կապված պատմությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի ներկա նախագահը պատրաստ է աճակատման գնալ գերտերությունների հետ, ցուցադրելու համար, որ ինքն ուժեղ եւ արտաքին ուժերից անկախ ազգային առաջնորդ է: Բայց պատրա՞ստ է է այդքան հեռուն գնալ եւ իրեն դնել էլ ավելի բարդ իրավիճակում, քան Սաֆարովի պատմության դեպքում էր: «Ակնհայտ է, որ եթե ադրբեջանցիներն, իսկապես, հարվածեն քաղաքացիական օդանավերի, սկանդալը շատ աղմկոտ ու համաշխարհային մասշտաբի կլինի: Հայաստանի նախագահի համար նոր սկանդալը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել՝ միջազգային ասպարեզում Ադրբեջանի դեմ քարոզչական ու դիվանագիտական նոր հարձակումների համար, ինչպես նաեւ նախագահական քարոզարշավում իր վարկանիշը բարձրացնելու առումով:

Այս ողջ պատմությանը լրացուցիչ ինտրիգ է ավելացնում Սերժ Սարգսյանի խոստումը, որ լինելու է դեպի Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը: Բայց պատրաստ կլինի՞ նա, իսկապես, վտանգել իր կյանքը՝ Ադրբեջանի անկանխատեսելի արձագանքի պայմաններում:

Ամենայն հավանականությամբ, հայկական կողմը կապահովագրի իրեն բոլոր հնարավոր ռիսկերից եւ կապահովի չվերթի անվտանգությունը վստահելի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր ստեղծելով:

Ըստ ռուս փորձագետի, չի բացառվում, որ կողմերը կնախընտրեն չսրել իրավիճակը եւ դեպի Ստեփանակերտ չվերթների իրականացումը հետաձգել անորոշ ժամանակով: Այդ դեպքում մեծ դեր կարող են խաղալ արտաքին ուժերի դիրքորոշումները, ամփոփել է Կռիլովը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 330 | Добавил: Armenikum | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Приветствую Вас, Гость!
Пятница, 10.05.2024