Главная » 2013 » Май » 20 » Արսենը կուրսեցիներից պաշտպանվելու համար ստիպված է եղել դանակահարել նրանց
22:27
Արսենը կուրսեցիներից պաշտպանվելու համար ստիպված է եղել դանակահարել նրանց
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Արսեն Մելքոնյանի գործի դատավարությունը:

Երևանի ագրարային համալսարանի հեռակա ուսուցման առաջին կուրսի ուսանող, 18-ամյա Արսեն Մելքոնյանը 2012 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 17-ի սահմաններում համակուրսեցիներ Ռոլանդի ու Լիպարիտի հետ, դասերն ավարտելով, «Գազել» մեքենայով Երևանից Արմավիր էր վերադառնում: Համակուրսեցի ուսանողները կարող էին հետաքրքիր զրույցով ճանապարհը կարճել: 

Սակայն, ըստ դատական ակտի, Ռոլանդն ու Լիպարիտը ծաղրել են Արսենին, վիրավորական կատակներ արել: Դա կատարվել է հասարակական տրանսպորտում, ի լուր մյուս ուղևորների՝ նաև նրանց նյարդերի վրա ազդելով, խանգարելով նրանց հանգիստը, ի ցույց հանելով անզուսպ ու անկիրթ վարվելաձև իրենց ընկերոջ ու բոլոր ներկաների հանդեպ: 

Արսենը չի հանդուրժել, վիճաբանել է: Նրա ընդդիմանալը դուր չի եկել ծաղրասեր ընկերներին: Երբ հասել են Արմավիրի ավտոկայան, փոխանակ տուն գնալու, Ռոլանդն ու Լիպարիտը Արսենին կանչել են ավտոկայանի հետնամասում գտնվող երկաթգծին հարակից ամայի տարածք: 

Սկզբում նրանք խոսքակռիվ են տվել, ապա սկսել են ծեծել Արսենին: 

Ըստ դատավճռի՝ Ռոլանդն ու Լիպարիտը քաշքշել, այնուհետև ձեռքերով ու ոտքերով խառը հարվածներ են հասցրել համակուրսեցու մարմնի տարբեր մասերին, նրան գցել են գետնին, ընկած տեղը շարունակել են հարվածներ հասցնել: 

Դատական ակտում նշվում է, որ Լիպարիտը մինչև անգամ բռնել է Արսենի պարանոցից ու սեղմել՝ խեղդելու տպավորություն առաջացնելով:

Արսենը սկզբում փորձել է պաշտպանվել, գոռացել է, օգնություն կանչել: Հետո զգալով, որ ուժերն անհավասար են, միայնակ չի կարողանում դիմակայել համակուրսեցիներին, օգնության հասնող էլ չկա, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, գետնին ընկած դիրքից իր մոտ եղած դանակով խառը հարվածներ է հասցրել Ռոլանդին ու Լիպարիտին, վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, իսկ Ռոլանդի առողջությանը՝ թեթև վնաս:

Միայն դանակի հարվածներից հետո ընկերների բռնությունից ազատվելով՝ Արսենը դիմել է փախուստի ու տաքսիով գնացել տուն: 

Իսկ վնասվածքներ ստացած տղաները, կատակելու տրամադրությունը կորցրած, մեկ այլ տաքսիով մեկնել են Արմավիրի հիվանդանոց ու ստացել համապատասխան բուժօգնություն:

Ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Մելքոնյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել անհարժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով: 

Ամբաստանյալը զղջացել է կատարածի համար, հայտնել, որ հաշտվել է տուժողների հետ ու միջնորդել է իր գործը քննել արագացված ընթացակարգով: 

Դեռ նախաքննության ընթացքում քննիչի որոշումներով Լիպարիտի ու Ռոլանդի կողմից Արսենին ծեծի ենթարկելու համար առաջինների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականցվել՝ բողոքի բացակայության ու հաշտության հիմքով: 

Արսենի կողմից անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ Ռոլանդի առողջությանը թեթև վնաս հասցնելու մասով ևս քրեական հետապնդումը դադարեցվել է:

Դատարանը հաշվի է առել, որ Արսեն Մելքոնյանը ակտիվորեն աջակցել է հանցագործության բացահայտմանը, հանցանքը կատարել է տուժողների հակաօրինական արարքներից պաշտպանվելու հանգամանքներում, բնութագրվում է դրական, տուժող Լիպարիտ Ադամյանը լիովին ապաքինվել է, հաշտվել ամբաստանյալի հետ, խնդրել նրա նկատմամբ սահմանել ազատազրկման հետ չկապված պատիժ:

Արսեն Մելքոնյանը դատապարտվել է 150 հազար դրամ տուգանքի:
Լիլիթ Քալաշյան
Просмотров: 409 | Добавил: Armenikum | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Приветствую Вас, Гость!
Суббота, 11.05.2024